ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԻՆ-ը պատրաստվում է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ստանալու Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող տեղեկություններ

ԱԻՆ-ը պատրաստվում է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ստանալու Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող տեղեկություններ
19.03.2019 | 02:00

Մարտի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գնդապետ Արտակ Նահապետյանը, ինչպես տեղեկացրել է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը, ընդունել է ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների խմբին (ութ մարդ), որի ղեկավարն է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ռենդի Քոթին:


Մեկ անգամ ևս ուշադիր կարդացեք ԱԻՆ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ նշված սույն պարոնի պաշտոնը՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության զանգվածային ոչնչացման զենքի հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, որպեսզի հասկանալի լինի, թե ԱՄՆ-ի ԶՈՒ-ն, այն էլ՝ այդպիսի նուրբ խնդիրների հետ կապված, նման բարձրաստիճան պաշտոնյայի ու բազմամարդ պատվիրակություն Հայաստան գործուղելով, ինչ մեծ կարևորություն է տվել նրանց տվյալ առաքելությանը։


ԱԻՆ-ի լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում:
«Ռ. Քոթին նշեց, որ ամերիկյան կողմի նպատակն է վերապատրաստել, սարքավորումներով ապահովել և զարգացնել Հայաստանի՝ ՔԿՃՄ արձագանքման հատուկ հմտությունները, որոնք կհզորացնեն պետության արձագանքման կարողություններն այս բնագավառում՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական առումներով,- նշված է ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական տեղեկատվության մեջ։- Ծրագիրը կտևի 3-5 տարի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կարողությունները»:


Բնականաբար, հարց է առաջանում՝ ամերիկյան կողմը, իսկ ավելի որոշակի՝ ԱՄՆ-ի զինված ուժերը, այդ ո՞ր պետության կողմից քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին (հարձակմանը) արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում են ուզում զարգացնել Հայաստանի կարողությունները, հզորացնել մեր երկրի արձագանքման կարողություններն այս բնագավառում՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական առումներով։ Ինչ-որ անհեթեթ պատճառաբանություն չի՞ ստացվում…


Դատեք ինքներդ. Հայաստանի մոտակա թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, զանգվածային բնաջնջման վերոնշյալ զենքերը, համենայն դեպս պաշտոնապես, չունեն, իսկ եթե փաստացի ունեն քիմիական կամ (և) կենսաբանական զենքեր, ապա աշխարհում առաջինների թվում հե՛նց ԱՄՆ-ն է պարտավոր բարձրաձայնել այդ մասին, ավելին՝ ամենախիստ պատժամիջոցները կիրառել, ինչպես այժմ վարվում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ այդ երկրի միջուկային, նույնիսկ հրթիռային ծրագրի առնչությամբ (կենսաբանական ու քիմիական զենք ունենալու կեղծ պատրվակով Իրաքի վրա կատարված հարձակման մասին էլ չհիշեցնենք):


Բոլորին է հայտնի, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, բարեկամ Չինաստանն ու Հնդկաստանն ունեն միջուկային, միգուցե նաև զանգվածային բնաջնջման այլ զենքեր: ԱՄՆ-ը նրանց կողմից Հայաստանի նկատմամբ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին (հարձակմանը) արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործու՞մ է ուզում զարգացնել Հայաստանի կարողությունները… Կատարյալ անհեթեթություն, ու պարզ է, որ նպատակը դա չէ, քանի որ բացառված է նշված երկրների կողմից Հայաստանի նկատմամբ միջուկային զենքի կիրառումը:
Կատարյալ անհեթեթություն կլինի նաև մտածելը կամ նույնիսկ ենթադրելը, թե ԱՄՆ-ն այդպիսով Հայաստանը նախապատրաստում է իր և իր ռազմավարական դաշնակից (սիամական երկվորյակ) Իսրայելի կողմից մեր նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի կիրառմանը, ինչը միանգամայն սպասելի է Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների փափագած, բայց այժմ անիրականանալի միջուկային հարձակման դեպքում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, այստեղ Ռուսաստանի 102-րդ ռազմահանգրվանն է գտնվում (էլ չենք նշում առավել խորքային պատճառների մասին, որոնք ընկած են Հայոց ցեղասպանության հետևում):


Այսպիսով ակնհայտ է դառնում, որ հայտարարված նպատակներից առաջինը՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին (հարձակմանը) արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում Հայաստանի կարողությունները զարգացնելը սոսկ «ծխածածկույթ» է՝ բուն նպատակից հասարակության ուշադրությունը շեղելու համար, կամ էլ յուրօրինակ խայծ ՝ հիշյալ առաքելությանն ընդունելու, նշված ոլորտում նրա հետաքրքրությունները բավարարելու հարցում հայկական կողմին շահագրգռելու համար։


Դատելով ամենից, հայկական կողմն այդ խայծը՝ արտահայտված Հայաստանի ՔԿՃՄ արձագանքման հատուկ հմտությունները զարգացնելու նպատակով ԱԻՆ-ին ինչ-որ սարքավորումներով ապահովելու, վերապատրաստման (ենթադրվում է՝ ԱԻՆ-ի մասնագետներին վերապատրաստման դասընթացների նպատակով ԱՄՆ հրավիրելու) հույսեր տալու միջոցով, կուլ է տվել, քանի որ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար, նշել է, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ կյանքի կոչելու դեռևս նախորդ տարվա հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններն ու ծրագրերը, ապա կարևորել է ԱՄՆ-ի հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:
Վերը շարադրվածում կարևորը պաշտոնապես հայտարարված նպատակի երկրորդ բաղադրիչն է՝ «գնահատել ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում»։ Դա՛ է բուն նպատակը, ընդ որում, ինչպես հասկանալի է, միայն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունները գնահատելուց՝ ինչ ունենք-չունենքը, ինչ կարող ենք-չենք կարողը պարզելուց հետո է հնարավոր ուսումնասիրել, հասկանալ տվյալ ոլորտում կամ նշված աղետներին դիմագրավելու համար անհրաժեշտ ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները, իսկ սկզբնական դասընթացները և սարքավորումներով ապահովումը (յուրօրինակ կաշառքը կամ շահագրգռող խայծը) լինելու են միայն այդ ամենից հետո: Ահավասիկ ՀՀ ԱԻՆ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվությունը. «Նախքան սկզբնական դասընթացների իրականացումը և սարքավորումներով ապահովումը, ԱՄՆ ներկայացուցիչները կուսումնասիրեն ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները»:


Ընթերցողներից ոմանք, որոնք դեռ գլխի չեն ընկել, թե բանն ինչ է, գուցե տարակուսեն՝ իսկ ի՞նչ վտանգավոր կամ վատ բան կա նրանում, որ ԱՄՆ-ը ցանկանում է գնահատել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում, ուսումնասիրել այդ առումով ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները:
Խնդիրն այն է, որ լինելով ՀԱՊԿ անդամ երկիր և ՌԴ ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում ՌԴ-ից ստացել և ունի նույն կամ գրեթե նույն տեխնիկական ու մեթոդական կարողությունները, ինչ Ռուսաստանը։ Այսինքն՝ այս առումով Հայաստանի հնարավորությունները հիմնականում արտացոլում են Ռուսաստանի ունեցած հնարավորությունները, հետևաբար 3-5 տարվա ընթացքում (ծրագրի պաշտոնապես հայտարարված տևողությունը) կամ միգուցե ավելի շուտ Հայաստանի կարողություններն ուսումնասիրելով, ԱՄՆ-ը, հարկ եղած դեպքում համապատասխան գործակից կիրառելով, գրեթե ճշգրիտ պատկերացում կստանա նաև տվյալ ոլորտում Ռուսաստանի կարողությունների մասին, ինչն անթույլատրելի է հենց մեր ու մեր ռազմավարական դաշնակցի անվտանգության տեսանկյունից:


Ավելին. Ռուսաստանի կողմից Հայաստանի այս քայլը կարող է դիտվել իր անվտանգության նկատմամբ դավաճանական քայլ, ինչը, բնականաբար, կհարուցի նրա համապատասխան վերաբերմունքը մեր պետության ու նրա իշխանությունների նկատմամբ: Հուսանք, որ վերը նշվածը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության և ԱԻՆ-ի կողմից հետևանքների առումով չգիտակցված քայլ է՝ տեխնիկական ինչ-ինչ օգնություն ստանալու և իր աշխատակիցների մի մասին ենթադրաբար ԱՄՆ-ում վերապատրաստման դասընթացների (եկեք պարզ ասենք՝ ձրի զբոսաշրջային ուղևորությունից շատ չտարբերվող) հնարավորություն ընձեռելու շահագրգռությամբ, և ոչ թե՝ 30 արծաթի դիմաց, հօգուտ ԱՄՆ-ի, դավաճանական քայլ Ռուսաստանի՝ մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ, որը, կրկնում ենք, Հայաստանի վրա կարող է շատ թանկ նստել:


Ընդգծենք, որ ԱՄՆ-ը այդ նույն տեղեկությունները Ռուսաստանից ձեռք բերելու նպատակով, հսկայական ֆինանսական միջոցներ ու հետախուզական կարողություններ պետք է ներդնի տվյալ նպատակին հասնելու համար, ու դեռ մեծ հարց է, թե Ռուսաստանում նշված նպատակով իր ողջ լրտեսական ցանցը մոբիլիզացնելու դեպքում, արդյոք կկարողանա՞ ձեռք բերել իրեն անհրաժեշտ տեղեկությունները, մինչդեռ արդեն ձեռնամուխ է եղել դրա համեմատ չնչին գումարներ ծախսելով համապատասխան տեղեկությունները Հայաստանից ստանալուն, ինչպես ասում են, արծաթյա սկուտեղի վրա:


Ի դեպ, չափազանց ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ԶՈՒ հիշյալ գրասենյակի ղեկավար Ռենդի Քոթիի ու նրա գլխավորած պատվիրակության վերը նշված այցելությունից ավելի վաղ կամ գրեթե միաժամանակ Հայաստան է այցելել, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հետ նրանց հանդիպումից ուղիղ մեկ օր առաջ՝ մարտի 11-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի հետ հանդիպել մարտի 10-13-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորած պատվիրակությունը: Վերջինս, ըստ ՀՀ ՊՆ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, Երևան է ժամանել Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով (դարձյալ ուշադրություն դարձրեք ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցչի պաշտոնին…): Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի հետ, դարձյալ ՀՀ ՊՆ-ի պաշտոնական սուղ տեղեկատվության համաձայն, քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները: Հրապարակվել ու հայտնի է ընդամենն այսքանը:
Չենք կարծում, թե պատահականություն է վերոնշյալ ոլորտում ԱՄՆ-ի և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարությամբ պատվիրակությունների գրեթե համաժամանակյա այցը Հայաստան: Չե՛ն լինում այդպիսի պատահականություններ: Միամտություն կլինի կարծելը, թե ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը, զինված ուժերի Գլխավոր շտաբին կամ բանակի հետախուզությանը նախապես հայտնի չի եղել Ռենդի Քոթի ու նրա գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցի և միգուցե նաև դրա նպատակների մասին: Չէ՞ որ այնպիսի այցեր, ինչպիսին Ռենդի Քոթիի ու նրա գլխավորած պատվիրակության հիշյալ այցն է, վերջին պահին չէ, որ նախատեսվում են, այլ պլանավորվում են շաբաթներ կամ առնվազն օրեր առաջ: Մենք հավանաբար այդպես էլ չենք իմանա, թե Իգոր Կիրիլովին ինչ պայմանավորվածության է հաջողվել հասնել հայկական կողմի հետ, կամ, ավելի շուտ, հակառակը՝ ինչ պայմանավորվածության չի հաջողվել հասնել, բայց կասկածից դուրս է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է օր առաջ չեղյալ համարի Ռենդի Քոթիի ու նրա գլխավորած պատվիրակության հետ իր պայմանավորվածությունները՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ